Գյումրու հանցագործն անկասկած իր արժանի պատիժը կկրի

18:15 • 13.01.15

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու և 6 ամսական երեխային վիրավորելու կասկածանքով մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովն իր արժանի պատիժն անպայման կկրի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը։


Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ երեկվա օրը բոլորի համար ցնցող, տագնապներով լի էր: «Բարեբախտաբար, այդ մարդուն բռնեցին սահմանի վրա և ուղղակի որևէ կասկած չունեմ, որ նա իր արժանի պատիժը ստանալու է: Անկախ որևէ դրդապատճառից, անկախ ամեն ինչից, քանի որ դատ ու դատավճիռ է լինելու, ես նույնիսկ չեմ էլ կասկածում, որ նա իր արժանի պատիժն անպայման կկրի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով, սա չպետք է լինի այն դեպքը, որ հանցագործը ոչ արժանի պատիժ ստանա:
 

«Իհարկե՛, նա դեռևս մեղադրյալ է, բայց անմեղության կանխավարկածը դնելով մի կողմ՝ ես կարծում եմ, որ նա պետք է ստանա ցմահ դատապարտում՝ Հայաստանի դատարանի կողմից»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք Իշխանյանը:
 

Իրավապաշտպանի խոսքով՝ հանցագործն իր պատիժը պետք է կրի Հայաստանում. «Տեղափոխումն այլ երկիր՝ մասնավորապես Ռուսաստան, իմ գնահատմամբ՝ ճիշտ չէ: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի: Սպասենք դեպքերի զարգացմանը»:


Ավետիք Իշխանյանը ևս մեկ անգամ շեշտեց, թե այդպիսի հանցագործության համար ամենաարժանի պատիժը ցմահ դատապարտումն է. «Կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի. ցանկացած այլ դեպքում անարդարություն կլինի, այն էլ՝ շատ բացահայտ»:


Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու և 6 ամսական երեխային վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվելուց հետո գտնվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում: