Դանիայի թագաժառանգ արքայազնը քննադատության է ենթարկվել երթևեկության կանոնները խախտելու համար

12:45 • 13.01.15

Դանիայի թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկը ստիպված է եղել ներողություն խնդրել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, հաղորդում է ТАСС-ը:

 

Այն ժամանակ, երբ հարյուրավոր վարորդներ մի քանի ժամ սպասել են փոթորկի անցնելուն Մեծ Բելտ նեղուցով անցնող փակ կամրջի մոտ, արքայազնի լիմուզինը երկու անգամ հատել է այդ կամուրջը ոստիկանության և անվտանգության ծառայության մեքենաների ուղեկցությամբ:

 

Արքայազնը մեկնելիս է եղել Հերնինգ՝ 2014 թվականի Դանիայի լավագույն մարզիկների մրցանակաբաշխության արարողությանը, և վերադարձել է Կոպենհագեն: Մեծ Բելտի վրայով անցնող կամուրջն ուժեղ քամու և բարձր ալիքների պատճառով փակվել է շաբաթ օրը ժամը 14:00-ից մինչև կիրակի օրը ժամը 04:00-ն: Տեսախցիկները ֆիքսել են, որ արքայազնի ավտոմեքենան Զելանդիա կղզուց անցել է Ֆյուն կղզի և հետ վերադարձել:

 

Կամուրջը վերահսկող «Sund og Blt» ընկերության ղեկավար Լեո Լարսենը դանիական հեռուստատեսության եթերում Դանիայի ապագա թագավորի համար արված բացառությունն անվանել է «բացարձակապես անպատասխանատու քայլ»:

 

Ոստիկանությունը հայտնել է դատարան դիմելու մտադրության մասին՝ փակ կամուրջն անօրինական հատելու կապակցությամբ:

 

«Թագաժառանգ արքայազնը չի կարող պատժվել այդ խախտման համար, բայց եթե այն իրականացներ Դանիայի սովորական քաղաքացի, նա ստիպված կլիներ վճարել մոտ 2-2,5 հազար կրոն տուգանք (330-400 դոլար)»,- ասել է Ֆյունի դատախազ Յան Ստիկը:

 

Երկուշաբթի թագավորական տան ներկայացուցիչ Լենե Բալեբին ներողություն է խնդրել Ֆրեդերիկի անունից: «Թագաժառանգ արքայազնը ցավում է տեղի ունեցածի համար և հասկանում է, որ իրավիճակն առաջացրել է մարդկանց վրդովմունքն ու զայրույթը, որոնք ստիպված են եղել սպասել մի քանի ժամ՝ մինչ կամրջի բացվելը»,- ասել է նա: