Թունավորումների մեծ մասը պատրաստված սննդի ոչ պատշաճ պահպանումից է. դիետոլոգ
Դիետոլոգ Հասմիկ Աբովյանն ամանորյա անկանոն սննդակարգից հետո խորհուրդ է տալիս բեռնաթափել օրգանիզմը: Հունվարի 13-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը նա նշեց, որ ամանորյա տոներից հետո գոյացած ավելորդ քաշը հիմնականում օրգանիզմում հավաքված ավելորդ հեղուկն է, որը կարող է քաշն ավելացնել մինչև 10 կիլոգրամ:
«Օրգանիզմը բեռնաթափելու համար պետք է հրաժարվել քաղցր մրգահյութերից և աղ պարունակող ուտեստներից, բացի այդ պետք է աղազերծել բոլոր ուտելիքները. այդ ամենը կօգնի օրգանիզմին հետզհետե ձերբազատվել կուտակված հեղուկից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասել է նա և հավելել, որ օրգանիզմն արագ բեռնաթափելուն կարող է նպաստել խնձորի օգտագործումը, որը հավաքում է նյութափոխանակությունից և մարսողությունից օրգանիզմում կուտակված արգասիքները:
Բանախոսը նշել է, որ տոնական օրերին արձանագրված թունավորումների մեծ մասը հիմնականում պատրաստված սննդի ոչ պատշաճ պահպանումից է:
«Մարդիկ կարող են աղցանները օրերով թողնել սեղանների վրա, որի հետևանքով սենյակային ջերմաստիճանի պայմաններում պատոգեն միկրոֆլորայի զարգացման համար պարարտ հող է ստեղծվում»,-ընդգծեց Հասմիկ Աբովյանը և հավելեց, որ պատրաստված ուտելիքները սառնարանում պետք է պահել երկու օրից ոչ ավելի:
«Բացի այդ`բոլորը պետք է հիշեն, որ թունավորման դեպքում պետք է օգտագործել հնարավորինս շատ մաքուր ջուր»,-նկատեց նա:










