Ֆրանսիական Charlie Hebdo թերթի առաջին էջին հայտնվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի նոր համարի առաջին էջին է հայտնվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը՝ Je suis Charlie («Ես Շառլին եմ») գրառումով պաստառը ձեռքին, գրում է Взгляд-ը։
Առաջին էջի կանաչ ֆոնին պատկերված է տխուր մարգարեն՝ սպիտակ հագուստով և պաստառը ձեռքին, իսկ սևով գրված վերնագրում ասվում է՝ Tout est pardonne («Ամեն ինչ ներված է»)։
Ամսագրի նոր համարը լույս կտեսնի չորեքշաբթի՝ հունվարի 14-ին։ Այն կթողարկվի 3 մլն նմուշ տպաքանակով (պարբերականի սովորական տպաքանակը 60.000 նմուշ է)։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին իսլամիստ երկու եղբայրներ ներխուժել էին Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հարձակումն իրականացնողներին հաջողվել էր փախուստի դիմել դեպքի վայրից: Ավելի ուշ նրանք սպանվել են։ Հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ: Այս ահաբեկչությանը հաջորդել էին ևս մի քանիսը։










