Ֆրանսիայում դպրոցի առջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հայ անչափահաս է սպանվել
Ֆրանսիայի Մարսել քաղաքում երկուշաբթի՝ հունվարի 12-ին, ավագ դպրոցներից մեկի առջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կրթօջախի հայազգի սան է սպանվել։ Ենթադրվում է, որ նա սպանվել է դանակի հարվածից: Այդ մասին հայտնել է երկրի դատախազ Բրիս Ռոբենը, հաղորդում է Nouvelle d’Armenie-ն:
«Վիրավորանքներ են փոխանակել, վիճաբանություն է տեղի ունեցել»,- հայտարարել է դատախազը: Վեճի պատճառները դեռևս հայտնի չեն, հավելել է նա:
Հանցագործությունն իրականացվել է ժամը 16-16:30-ի սահմաններում, հստակեցրել են հանրային անվտանգության դեպարտամենտում, որի քրեագետների խումբը զբաղվում է սպանության հետաքննությամբ:
«Դա սարսափելի է, 16 տարեկան այդ պատանին սպանվել է դպրոցի մուտքի մոտ»,- այդպես է Մարսելի 11-րդ թաղամասում գտնվող Կամիլ-Ժուլիան ավագ դպրոցում տեղի ունեցած դեպքին արձագանքել Ժողովրդական շարժման միությունից այդ շրջանը ներկայացնող Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, ով ժամանել է դեպք վայր:
France Info ռադիոն հաստատել է, որ սպանված անչափահասն ազգությամբ հայ է:










