Ստեղծված իրավիճակը եզակի կամ արտակարգ չէ. Ա. Գյուլումյանը` ներպետական մրցույթի հաղթողների ցուցակը ԵԽԽՎ-ին չներկայացնելու վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրությունը ոչ թե հետաձգվել է ԵԽԽՎ-ի կողմից, այլ Հայաստանի Հանրապետությունը որոշել է ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը չներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի անդամ, Եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը եզակի կամ արտակարգ չէ։
-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հետաձգել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրությունը: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
-Որքանով կարելի է դատել երեկ հրապարակված մամլո հաղորդագրությունից, ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը ոչ թե հետաձգվել է ԵԽԽՎ-ի կողմից, այլ Հայաստանի Հանրապետությունը որոշել է ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը չներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին: Դրա համար հիմք է հանդիսացել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի կարծիքը, ուստի ըստ սահմանված ընթացակարգերի՝ այդ հարցի քննարկումը ԵԽԽՎ-ին նույնիսկ չի հասել:
- Չեք կարծո՞ւմ, որ այդ կարծիքը կարող է կապված լինել 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած մրցույթի ընթացքում ոչ միանշանակ գնահատականների արժանացած որոշ փաստերի, ինչպես նաև դրանց շուրջ բարձրացված աղմուկի հետ:
-Ես ծանոթ չեմ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի կարծիքին: Այն պետության համար պարտադիր չէ և սովորաբար տրվում է կոնֆիդենցիալության պայմաններում: Սակայն Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն՝ խորհրդատվական խումբը ներպետական մրցույթի ընթացքին կամ արդյունքներին գնահատականներ չի տալիս, այլ քննարկման առարկա է դարձնում պետության կողմից ցուցակում ընդգրկված՝ ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին, ինչպես նաև նրանց համարժեքությունը:
-Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ԵԽ նախարարների կոմիտեի խորհրդատվական խումբը Հայաստանի կողմից ներկայացված բոլոր թեկնածուներին համարել է Եվրոպական կոնվենցիայի պահանջներին չհամապատասխանող:
-Այդ հարցի սպառիչ պատասխանը կարող է տալ միայն խորհրդատվական խմբի կարծիքը: Դարձյալ անդրադառնալով մամլո հաղորդագրությանը, կարելի է ասել, որ խորհրդատվական խմբի կարծիքում շեշտադրում է արվել այն հանգամանքի վրա, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Եվրոպական կոնվենցիայի պահանջներին, մասնավորապես, ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին: Կարծում եմ, որ դրանք տարբեր երևույթներ են: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պետք է հնարավորություն ունենա ընտրություն կատարել Եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխանող հավասար թեկնածուների միջև:
-Ի՞նչ է սպասվում ապագայում, Հայաստանը Եվրոպական դատարանում այլևս չի ունենալո՞ւ դատավոր, թե հնարավորություն կա ԵԽ-ին ներկայացնել նոր թեկնածուներ:
-Ստեղծված իրավիճակը եզակի կամ արտակարգ չէ: Եվրոպայի խորհրդի կողմից 2010 թվականից հետո սահմանված նոր ընթացակարգերի պայմաններում շուրջ մեկ տասնյակ երկրներ տարբեր պատճառներով ներկայացրել են նոր ցուցակներ, որոնցում ընդգրկված են եղել նաև նախկին ցուցակում եղած մեկ կամ երկու թեկնածու, օրինակ՝ Ուկրաինան, Ադրբեջանը:
Որոշ երկրներ նոր ցուցակ են ներկայացրել նույնիսկ երկու կամ ավելի անգամ: Օրինակ՝ Սլովակիայի գործող դատավորի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2013 թվականի հոկտեմբերին, բայց նոր դատավոր դեռևս չի ընտրվել, քանի որ արդեն երրորդ անգամ այդ երկրի կառավարությունը ստիպված է նոր ցուցակ ներկայացնել: Հայաստանը նույնպես զրկված չէ ԵԽ-ին թեկնածուների այլ ցուցակ ներկայացնելու հնարավորությունից, հատկապես, որ ՀՀ Նախագահի հրամանագրով հաստատված կարգը որոշակի դեպքերում նախատեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության ներպետական նոր մրցույթ անցկացնելու հնարավորություն:
Մինչև Հայաստանը ներկայացնող նոր դատավորի ընտրությունը Հայաստանը հնարավորություն ունի նաև ներկայացնելու ժամանակավոր (ad hoc) դատավորների ցուցակ, որոնցից որևէ մեկին Եվրոպական դատարանի նախագահը կարող է հրավիրել։










