ՌԴ դատախազության հետ քննարկվում է Գյումրիում սպանություններ կատարած կասկածյալի քրգործը հայկական կողմին հանձնելու հարցը

10:51 • 13.01.15

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու և 6 ամսական երեխային վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ռուս սահմանապահներից կողմից հայտնաբերվելուց հետո գտնվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:


«Հայաստանում են գտնվում Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները, կատարվել են անհրաժեշտ առաջին քննչական գործողությունները կասկածյալի մասնակցությամբ, նա հարցաքննվել է, համատեղ կատարվել են քննչական գործողություններ: Հարցաքննությանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը: Կասկածյալը ցուցմունք է տվել զորամասը լքելուց հետո դեպքերի զարգացման վերաբերյալ»,- ասաց Սոնա Տռուզյանը:


Քրեական իրավունքի մասնագետներից մեկի դիտարկմամբ ՝ եթե հանցագործության մեջ կասկածվողը հայտնաբերվեր ՀՀ իրավապահների կողմից, ապա քննչական գործողությունները պետք է կատարվեին Հայաստանի իրավապահների կողմից. նա Ռուսաստանի քաղաքացի է, որի հանդեպ հարուցված է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ դասալքության և սպանության կասկածանքով:


Մեր տեղեկություններով՝ Հայաստանի և ՌԴ գլխավոր դատախազությունները բանակցություններ են վարում կասկածյալին դատավարության հարցի և ընթացակարգային այլ հարցերի շուրջ:


Գլխավոր դատախազության խորհրդական Քրիստինե Մելքոնյանը Tert.am-ին փոխանցեց, որ այս պահին Ռուսաստանի դատախազության հետ քննարկվում է վերոնշյալ քրեական գործը հայկական կողմին հանձնելու հարցը: