Կվասի մասին Պուտինին հարց տված լրագրողը դրամական պարգև է ստացել (տեսանյութ)
Կիրովից լրագրող Վլադիմիր Մամատովը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մամուլի ասուլիսի ժամանակ կվասի մասին հարց էր ուղղել, Ամանորից առաջ դրամական պարգևատրում է ստացել ըմպելիք արտադրողներից, գրում է Обозреватель-ը։
«Ես կնախընտրեի չնշել գումարի չափը։ Այն եղել է խորհրդանշական։ Դա ավելի շուտ ամանորյա նվեր է, ոչ ավելին»,- պատմել է լրագրողը։
Սակայն «Վյատի կվաս» ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Կուրագինը հայտնել է գումարի չափը՝ նշելով, որ ամանորյա երեկույթի ընթացքում ընկերության ղեկավարությունը Մամատովին 30.000 ռուբլի գումար է տվել և գովասանագիր։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին ՌԴ նախագահի մամուլի ասուլիսին կիրովցի լրագրողը հարց էր տվել տեղական արտադրության կվասի հետ կապված խնդիրների մասին։ Լրագրողը հայտնի էր դարձել համացանցում, քանի որ նրա խոսքն անհասկանալի, իսկ մտքերը ցաքուցրիվ են եղել, և նա հարբեցողի տպավորություն է թողել։ Ավելի ուշ պարզվել է, որ նա ուղեղի կաթված է տարել, այլ ոչ թե հարբած եղել։










