Հայությունն այսօր ցանկացած կետում ցանկացած պահի դառնում է թիրախ, բայց կարող է լինել գործոն. Աշոտ Մանուչարյան
Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, աշխարհաքաղաքական այս կետում գտնվելով, մանևրելու հսկայական հնարավորություն ունեն, դրան գումարած՝ ամբողջ հայությունը յուրահատուկ գործիք է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:
«Հայաստանն ամենաճկուն համակարգերից մեկի տերն է։ Իսկ այդ ամբողջականացումը կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ հայության համար, որովհետև հայությունը ցանկացած կետում, ցանկացած պահի դառնում է թիրախ, բայց կարող է հակառակը լինել՝ ցանկացած կետում դառնալ շատ կարևոր գործոն: Հիմա քանի դեռ մենք զբաղված ենք լափով, այդ ամեն ինչը չի գործում։ Դրա համար մենք հիմա գտնվում ենք այսպես ծանր, անշարժ, անհեթեթ վիճակում»,-ասաց նա:
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ որ պահին հայությունը միացնի հնարավորություները, այդ պահից արտաքին քաղաքական վեկտորում մանևրելու հնարավորություները հսկայական են դառնալու։
«Տարիներ շարունակ Կովկասի ժողովուրդները կանգնած էին Հայաստանի կողքին, որովհետև համապատասխան քաղաքական և հոգևոր գործառույթներ էին իրականացվում։ Դա անելը մի բանից է կախված՝ կամքից, որ երկրի հացը տնօրինող մարդիկ մի րոպե դադարեցնեն պայքարը խոզի բդի համար և փորձեն զբաղվել երկրով, նրա ժողովրդով ու ճակատագրով»,-ասաց նա։










