Nouvelles d'Arménie-ն նոր մանրամասներ է հրապարակել Մարսելում սպանված հայ աշակերտի մասին (լուսանկար)

17:29 • 13.01.15

Nouvelles d'Arménie-ն նոր մանրամասներ է հրապարակել Մարսելում հայ աշակերտի սպանության դեպքի վերաբերյալ:

 

Մարսելում սպանված 16-ամյա հայ երիտասարդը Միշել (Միշա) Ասատուրյանն է, ով սովորել է Կամիլ-Ժուլիանի մասնագիտական ավագ դպրոցում, մերձավորների վկայությամբ՝ գնահատված և սիրված երիտասարդ է եղել:

 

Թերթի տեղեկություններով՝ նա սպանվել է երկաթյա ձողերով՝ դաժան հարձակման հետևանքով: Հարձակումն իրականացրել են նրա հետ վիճած աղջկա եղբայրները. ավելի վաղ նա վիճել է աղջկա հետ չնչին մի թեմայի շուրջ: Ականատեսները հայտնել են նաև դանակի հարվածների մասին:

 

Դեպքը տեղի է ունեցել, երբ ֆիզկուլտուրայի դասի ժամանակ երիտասարդի և նրա հասակակից աղջիկներից մեկի միջև վիրավորանքներ են հնչել և վեճ է տեղի ունեցել: Վերջինս, ով նախկինում հայտնի է եղել մի քանի այլ միջադեպերի առնչությամբ, սպառնացել է զգուշացնել իր ընտանիքի անդամներին, ովքեր հունվարի 12-ին հայտնվել են դպրոցի մուտքի մոտ: Ոստիկանությունը ձերբակալել է աղջկան իր տանը:

 

Միշելի հայրը, ով սիրողական երաժիշտ է, դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

 

Մարսելի 6-րդ հատվածը ներկայացնող պատգամավոր Վալերի Բուայեն հայտարարել է, որ սարսափած է տեղի ունեցած ողբերգության պատճառով և հայտնել է, որ հետևելու է գործի ընթացքին:

 

Տղային վերջին հրաժեշտ տալու և նրա ընտանիքին զորակցություն հայտնելու համար կոչ է տարածվել երեքշաբթի օրը ժամը 19:30-ին Մարսելի հայկական եկեղեցու առաջ հավաքվելու մասին: