Սաակաշվիլին Իվանիշվիլիին գավառական բռնապետ է համարում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով իշխանությունների մտադրությունը՝ վաճառել Batumi Tower շենքը, որը կառուցվել էր նպատակով, որ այնտեղ Տեխնոլոգիական համալսարան բացվի, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին անվանել է գավառական բռնապետ, ով վախենում է կրթված մարդկանցից, գրում է Новости-Грузия-ն:
«Իշխանության են եկել մարդիկ, ովքեր վախենում են ամեն ինչից, ինչն ուղղված է զարգացմանն ու ապագային: Իվանիշվիլիի համար կրթված մարդիկ վտանգ են… Կրթված մարդիկ խնդիր են գավառական բռնապետի համար, որովհետև կրթված հասարակությունը երկրորդ անգամ չի ընտրի մարդու, ով ամեն ինչ խոստանում է անվճար»,- հայտարարել է Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Բաթումում Տեխնոլոգիական համալսարանի բացման նախաձեռնությունը պատկանել է Սաակաշվիլիի կուսակցության կողմից ձևավորված նախկին իշխանությանը: Այդ ժամանակ էլ սկսվել է շենքի կառուցումը, որն ինչպես նախատեսվում էր՝ պետք է պատրաստ լիներ 2013 թվականին։
Ինչպես հունվարի 10-ին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Կումսիշվիլին, շենքը կհանվի աճուրդի: Նրա խոսքով՝ Batumi Tower-ում նախատեսվում է հյուրանոցի տեղակայում:










