Խնդիրը չափագրումների մեջ է. քաղաքապետարանի եզրակացությունը` Sanitek-ում առկա խնդրի մասին
Sanitek ընկերության ղեկավարության և աշխատակիցների խնդիրը չափագրումներն են: Այսպիսի եզրահանգման եկան այսօր հրավիրված քննարկման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցները` լսելով երկու կողմերին էլ:
Sanitek ընկերության աշխատակից Ռուզաննա Աճեմյանն ասաց, որ սկզբում աշխատելիս դժգոհություն չի եղել, սակայն այն բանից հետո, երբ ասվեց, որ բացի մաքրելուց աղբահանությունը ևս պետք է իրենք իրականացնեն, դժգոհություններ առաջացան: Այնուհետև նրանց առաջարկվել է աղբահանությունը ներառյալ կատարելով քառակուսի մետրի համար ստանալ 20 դրամ` նախկին 17 դրամի փոխարեն, և նրանք համաձայնել են: Ռուզաննա Աճեմյանի խոսքով` ամսվա վերջում նրանք խոստացված գումարը չեն ստացել և դադարել են աշխատել:
Sanitek ընկերության փոխտնօրեն Մադլեն Բոլբոլը վստահեցրեց, որ իրենք վճարում են 20 դրամ` 1քմ-ի համար:
Sanitek ընկերության աշխատանքների առումով Երևանի քաղաքապետի կողմից լիազորված պաշտոնատար անձ Հովհաննես Ահարոնյանը նշեց, որ կրկին չափագրումներ անցկացնելու անհրաժեշտություն կա: Նա նշեց,որ աշխատակիցները գոհ չեն չափագրումներից: «Կա պայմանավորվածություն, որ աշխատավարձերը կվերանայվեն և ըստ քմ-ի կվճարվեն: Ես չեմ բացառում, որ կան մարդիկ, որ նույնիսկ ավելի գումար են ստացել, քան կատարել են աշխատանք»,- ասաց նա:
Մադլեն Բոլբոլն ասաց, որ վերջին հանդիպման ժամանակ աշխատակիցները քմ-ի համար պահանջել են 30 դրամ: Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա փոխտնօրենն ասաց, որ սկզբնական շրջանում 85 աշխատակից է եղել, իսկ այնուհետև ավելացել են: «Մենք մինչև հիմա էլ պատրաստ ենք նրանց տալ աշխատանք, սակայն նրանք նախընտրում են աշխատելու փոխարեն գործադուլ անել: Մենք հիմա 20-ից ավելի աշխատակից ունենք: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են աշխատել մեր պայմաններով մենք պատրաստ ենք աշխատել նրանց հետ»,- ասաց նա:










