ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

13:20 • 13.01.15

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


ՀՀ ԱԺ փոխնախագահն արդյունավետ է գնահատել հայ-հունական հարաբերությունների մակարդակը 2014 թվականին: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ:


Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է ընդդեմ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության ԱԺ հայտարարության նախագիծ, որը վերաբերում է նաև ցեղասպանված հույներին:


Զրուցակիցները կարևորել են ԱԺ հայտարարության ընդունումը ցեղասպանությունների միջազգային դատապարտման տեսանկյունից: Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, կարևորել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումն ու սերտացումը:


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին, իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի ապակառուցողական և մարդատյաց քաղաքականության առնչությամբ՝ նկատի ունենալով մարդկային կյանքեր խլած վերջին դիվերսիոն գործողությունները:


Դեսպան Տայիսը շնորհակալություն է հայտնել ԱԺ հայտարարության բանաձևի նախաձեռնության համար, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ նշելով, որ Հունաստանը խնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառապես խաղաղ կարգավորմամբ: