Տոնական օրերին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ստացել է 8 275 կանչ, ամենածանրաբեռնված օրը եղել է հունվարի 5-ը. Թագուհի Ստեփանյան

12:57 • 13.01.15

2015թ-ի հունվարի 1-ից 11-ը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն Երևանից ստացել է 8 275 կանչ, ինչը 100 կանչով պակաս է նախորդ տարվա նույն տոնական օրերի համեմատ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը և տեղեկացրեց, որ այս տարի ստացված կանչերից 750 դեպքում հիվանդը տեղափոխվել է հիվանդանոց:


«Մանկական կանչերի քանակը եղել է 1 446 և հիվանդանոց է տեղափոխվել 203-ը: Ի դեպ նշեմ, որ կանչերի թիվը այս տարվա տոնական օրերին պակասել էր, բայց ավելացել էր հիվանդների տեղափոխումը հիվանդանոց: Սա մեր աշխատանքի համար գնահատվում է որպես լավ արդյունք»,- ասաց նա:


Հարցին, թե տոնական օրերին ինչ գանգատներով են դիմել իրենց հիվանդները, պատասխանեց, որ պատկերը նույնն է՝ ինչ հարցով որ ամբողջ տարվա ընթացքում:


«Սրտանոթային հիվանդություններ, սուր շնչառական, տրավմաներ: Թունավորման դեպքեր չենք ունեցել, ամեն դեպքում մեզ չեն դիմել նման գանգատով: Իսկ տրավմաների մի մասը սովորաբար կենցաղային են, մյուս մասը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքներ: Ի դեպ, բնակարանում առաջացած կոտրվածքները ավելի շատ են, քան դրսում, օրինակ՝ սառույցի վրա»,- ասաց նա:


Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց նաև, որ տոնական օրերին ամենածանրաբեռնվածը եղել է հունվարի 5-ին՝ 831 կանչ, պիկ համարվող ժամերին ստացել են շուրջ 56 կանչ:


Անդրադառնալով 2014թ-ին ստացված կանչերին՝ տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում ստացել են 226 հազ. 357 կանչ, ինչը 7 778 կանչով ավելի է 2013թ-ի համեմատ: Նախորդ տարի ավելացել են նաև հիվանդանոց տեղափոխված անձանց թիվը՝ 2014թ-ին տեղափոխվել է 43 հազ. 415 հիվանդ, ինչը 3 196-ով ավելի է 2013թ-ի համեմատ:


Մանկական կանչերի թիվը 2014թ-ին 23 հազ. 379, հիվանդանոց 1 543-ով ավել է 2013թ-ի համեմատ: Հիվանդանոց է տեղափոխվել 8324-ը, 1 023-ով ավելի է 2013թ-ի համեմատ:


Հարցին, թե ինչի հետ է կապում կանչերի թվի ավելացումը, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց. «Վստահության հետ, որովհետև սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց քանակը մնում է նույնը, բայց կանչերն ավելանում են: Բայց պատահում է, որ մարդիկ անտեղի են կանչում, օրինակ՝ գլխացավի, ատամի ցավի կամ սիստեմա միացնելու համար»: