Թբիլիսիի կենտրոնում այրվել է Մելիք-Ազարյանցի տան մի մասը
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի ամենագեղեցիկ պատմական շինություններից մեկի՝ հայազգի վաճառական Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տան մի մասն այրվել է, գրում է newsgeorgia.ru-ն։
Շինությունը կառուցվել է 1912-1915թթ. պետերբուրգցի ճարտարապետ Նիկոլայ Օբոլենսկու նախագծով։ Տունը գտնվում է Ռուսթավելի 37 հասցեում։
«Զանգը թեժ գծին ստացվել է գիշերը ժամը 02։56-ին։ Հրդեհի հետևանքով այրվել են հինգհարկանի շենքի առաջին հարկերը։ Այրվել է վերելակը և տանիքը։ Մոտավորապես այրվել է 250-300 քմ տարածք»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայության աշխատակցուհին։
Հրդեհը հաջողվել է մարել 03։57-ին։ Դեպքի վայրում աշխատել է 16 հաշվարկ։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պահին շենքում գտնվել է մի ընտանիք, որը ժամանակին տարհանվել է։ Մինչդեռ մեծ վնաս է հասցվել առաջին հարկում գտնվող առևտրային օբյեկտների տերերին։
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհը տարածվել է այրվող աղբարկղից։ Տարվում է հետաքննություն։










