Մոմավառություն և երթ Երևանում՝ Գյումրիում սպանվածների հիշատակին (թարմացվում է)
Որոշ ժամանակ սպասելուց հետո ակցիայի կազմակերպիչները որոշեցին ցրվել՝ վաղը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հանդիպելու և այնտեղ հետագա անելիքները որոշելու պայմանավորվածությամբ:
«Բոլորիդ կոչ եմ անում՝ պարտադիր մասնակցել: Ցավոք՝ այս պահին կրկնվում է այն, ինչ ունենք 20 տարի շարունակ՝ Անկախությունից ի վեր: Եվ ցավոք՝ հասարակության ոչ բոլոր շերտերն են պատրաստ պայքարելու իրենց իրավունքների համար: Հենց այդ պտճառով էլ ունենք Հայաստանում ստեղծված խայտառակ իրավիճակը: Այս պահի դրությամբ կարող եք նայել՝ մնացել է մի երկու տասնյակ մասնակից: Մնալ այս պահին այստեղ՝ անիմաստ եմ համարում»,- հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:
Ըստ նրա՝ պետք է հասարակության հետ ավելի լավ աշխատել՝ փորձելով բարձրացնել հասարակական պայքարի ալիք:
Արգիշտի Կիվիրյանը նկատեց, որ հասարակության շատ մասնակիցներ փորձում են պայքարել իրենց «բազկաթոռների կամ ֆեյսբուքների մեջ»:
Գյումրիում սպանված երկու տարեկան երեխայի նկարով Բաղրամյան 26-ի դիմաց հայտնված տիկինը ևս պայքարի կոչ արեց և ավելացրեց.«Հայ ժողովուրդը ինքը պետք է դուրս գա և իր իրավունքների համար պայքարի, կանգնի իր սահմանին: Ինչու՞ պետք է ռուսը կանգնի մեր սահմանին, չէ՞ որ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ հայը դուրս եկավ, հայը պաշտպանեց իր սահմանները: Այն ժամանակ հաղթեցինք, և միթե ՞ ռուսը պաշտապանում է մեր սահմանը…. չի պաշտպանում, նա գիշերը գալիս և գյումրեցու ընտանիքը մինչև վերջ թրի ու սրի է մատնում»:
Դրանցի հետո ակցիայի մասնակիցները ցրվեցին:
21.13
Նախագահական նստավայրի մոտ հավաքված քաղաքացիները այս պահին որոշում են իրենց հետագա անեիքները. մի մասը պնդում է, որ մնան տարածքում, շարունակեն իրենց պահանջները ներկայացնել, մյուս մասն էլ առաջարկում է իջնել Ազատության հրապարակ և շարունակել մոմավառությունը:
Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք պահանջում են Հայաստանում հայտարարել սգո օր և հեռացնել ռուսական 102-րդ բազան Գյումիից, վանկարկում են «ա-մոթ», «պու-տին-կեք»:
Քիչ առաջ նախագահական նստավայրից դուրս եկավ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով չպատասխանեց լրագրողների հարցերին:
19.37
Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ այսօր նախաձեռնել են մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի անդամների:
Մոմավառությանը հաջորդեց երթ, որին մասնակցում են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, ինչպես նաև մտավորականներ:
Քաղաքացիները երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր՝ պահանջելու Գյումրիի սպանության մեղավորին հանձնել հայկական կողմին, որպեսզի այստեղ իրականացավի նրա դատավարությունը:
Երթն ընթանում է լուռ: Ոստիկաններն ուղեկցում են ոստիկանները: Երթի մասնակիցները նախատեսում են վերադառնալ Ազատության հրապարակ, որտեղ կշարունակվի մոմավառությունը:













