Ավստրիան սպառնալիքներ է ստանում «Իսլամական պետությունից». ԶԼՄ-ներ
Ավստրիական իշխանությունները լրջորեն անհանգստանում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից ահաբեկչական սպառնալիքների համար՝ Փարիզի դեպքերից հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Կուրիր» պարբերականին։
Հիմնվելով Սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի հարցով դաշնային գերատեսչության տվյալների վրա՝ պարբերականը նշում է, որ ահաբեկչական շարժման գլխավորներից առնվազն 2-ն Ավստրիայից են, և հանրապետությունը կարող է դառնալ ԻՊ-ի թիրախ՝ անձնական վրեժի պատճառով։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վերջերս գերմանական իրավապահ մարմինները համացանցում հայտնաբերել են ավստրիացի գրոհային Մուհամեդ Մահմուդից ուղերձ, ով կոչ է արել «սպանել անհավատներին» Ավստրիայում։
«Հանրապետության իշխանությունները լուրջ են վերաբերվում այդ սպառնալիքին, քանի որ Մահմուդը պատկանում է ԻՊ-ի գաղափարախոսներին»,- նշվում է հոդվածում։
Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնում են նաև, որ այժմ մոտ 70 պոտենցիալ գրոհային «գտնվում է ավստրիական հատուկ ծառայությունների հսկողության ներքո»։










