Ահաբեկչությունից հետո վաճառքի է հանվել Charlie Hebdo թերթի նոր համարը
Չորեքշաբթի առավոտյան Ֆրանսիայում վաճառքի է դուրս եկել երգիծակական Charlie Hebdo թերթի նոր համարը, որի խմբագրության վրա անցած շաբաթ ծայրահեղական իսլամիստների կողմից կատարված զինված հարձակման հետևանքով սպանվել է 12 մարդ, այդ թվում՝ 8 լրագրող, հաղորդում է interfax.ru-ն:
Նոր համարի շապիկին կրկին հայտնվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, այս անգամ՝ «Tout est pardonne» («Ամեն ինչ ներված է») գրության ուղեկցությամբ: Բացի այդ՝ ձեռքերում նա պահում է «Je suis Charlie» («Ես Շարլի եմ») գրությունը, որն անցած շաբաթվա ընթացքում դարձել է ահաբեկչական հարձակումների զոհերի հետ համերաշխության խորհրդանիշը:
Թերթի հերթական համարը տպագրվել է 3 միլիոն օրինակով, մինչդեռ հրատարակության սովորական համարների տպաքանակը եղել է 60 հազար:










