Հայաստանը երբեք որևէ բան որևէ մեկին չի զիջում. Գ. Կոստանյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունը հետևողական է լինելու իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի պատասխանատվության ենթարկելու գործում: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ քիչ առաջ դուրս գալով ՀՀ Նախագահի նստավայրից:
«Վաղը առավոտյան` ժամը 10-ին, ես կլինեմ Գյումրիում և գյումրեցիներին կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը: Ես ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ողջ ժողովրդին` այս ոճրագործությունը ողջ ժողովրդի խնդիրներ է և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: Ես վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, և մենք բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին և կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը: Հայաստանը երբեք որևէ բան որևէ մեկին չի զիջում: Վաղը բոլորս ականատես կլինենք, երբ ՀՀ իրավապահ մարմինների ակտիվ գործունեությունը ևս այդ առումով կիրականացվի, և բոլորի համար տեսանելի կլինի, որ ՀՀ-ն հետևողականորեն ձեռնամուխ է լինելու պատասխանատվության ենթարկել իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազը:










