Նիկոլ Փաշինյանը, Արծվիկ Մինասյանը և Ալ.Արզումանյանն առաջարկել են լսումներ անցկացնել Գյումրիի դեպքի վերաբերյալ
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Գյումրիի դեպքերի վերաբերյալ անցկացնել հասարակական լսումներ անցկացնել. առաջարկին միացել են ԱԺ պետաիրավական և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Արծվիկ Մինասյանը և Ալեքսանդր Արզումանյանը։
Այս մասին Tert.am-ին հայտնեց Արծվիկ Մինասյանը:
Հանձնաժողովի անդամներ Արտակ Զաքարյանի և Հովհաննես Սահակյանի՝ հարցի առնչությամբ տեսակետը պարզել չհաջողվեց, քանի որ վերջիններս չպատասխանեցին հեռախոսազանգին:
Պետաիրավական հանձնաժողովի անդամներ Հովհաննես Մարգարյանը և Էդմոն Մարուքյանը, որոնցից մեկը Գյումրիում էր, մյուսը՝ Վանաձորում, առաջարկից տեղյակ չէին, սակայն երկուսն էլ կողմ էին լսումներին:
«Ես կարծում եմ, որ սա այն խնդիրն է, որ պետք բազմակողմանի ուսումնասիրվի»,- Tert.am-ին ասաց Հովհաննես Մարգարյանը, իսկ Էդմոն Մարուքյանն ասաց , որ մեր հասարակությունը պետք է և ցանկանում է իրազեկվել իրավական բարդ խնդիրների վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու են դեպքը քննում հայ և ռուս իրավապահները:










