Ադրբեջանը կփորձի վիճարկել Լեռնային Ղարաբաղի խնդրում ստատուս քվոն. Stratfor

15:10 • 14.01.15

2015 թվականի ընթացքում Ադրբեջանը կփորձի վիճարկել Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն՝ շփման գծում ավելի շատ ռազմական ակտիվության միջոցով:

 

Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ ռազմական գործողությունները վերաճեն լայնամասշտաբ ռազմական հակամարտության: Նման կանխատեսում են հայտնել Stratfor (Strategic Forecasting Inc.) ամերիկյան վերլուծական կազմակերպության վերլուծաբանները, ովքեր հրապարակել են 2015 թվականի համար ամենամյա կանխատեսումը:

 

Անդրադառնալով նրան, թե ինչ արձագանքներ կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը Կովկասի տարածաշրջանում՝ փորձագետները նշում են, որ Ադրբեջանը, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը, լինելով ավելի կենտրոնացած ներքին և տնտեսական խնդիրների վրա՝ դժվար թե միջամտի Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությանը, կփորձի վիճարկել Հայաստանի հետ ստատուս քվոն՝ առաջնագծում ավելի շատ ռազմական ակտիվության միջոցով: Չնայած սահմանին կարող է սպասվել ռազմական գործողությունների ակտիվացում, լայնածավալ ռազմական հակամարտությունը քիչ հավանական է:

 

Ինչպես նշվում է Stratfor-ի զեկույցում, Եվրասիական միության նախաձեռնությունը կավելացնի Ռուսաստանի և միության անդամ երկրների միջև տնտեսական և անվտանգության ինտեգրումը: Եվրասիական միության անդամ երկրները կզգան Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները՝ այդ երկրից նրանց կախվածության և ինտեգրման պատճառով: Այս տնտեսական թուլացումը, փորձագետների կարծիքով, ավելի հավանական կդարձնի բողոքները և սոցիալական խռովությունները: