Twitter-ում բացվել է Բրիտանիայի արքայազններ Ուիլյամի և Հարիի պաշտոնական միկրոբլոգը
Twitter սոցիալական ցանցում հայտնվել է Մեծ Բրիտանիայի արքայազններ Ուիլյամի և Հարիի, ինչպես նաև Քեմբրիջի դքսուհու պաշտոնական միկրոբլոգը:
Տեղեկությունը կտարածվի Քենսինգթոնի պալատի անունից, որը թագավորական ընտանիքի վերոնշյալ երեք անդամների լոնդոնյան նստավայրն է, հստակեցրել է պալատի ներկայացուցիչը, հաղորդում է ТАСС-ը:
Հաշվի առնելով, որ արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթը, և փոքր եղբայր արքայազն Հարին համարվում են թագավորական ընտանիքի ամենապոպուլյար ներկայացուցիչները, կարելի է ակնկալել նոր էջի նկատմամբ Twitter-ի օգտատերերի մեծ հետաքրքրություն: Դա է հաստատում այն փաստը, որ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում բլոգը, որտեղ կա ընդամենը հինգ գրություն, ունի արդեն մոտ 10 հազար հետևորդ:
Ինչպես նշել է Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչը, դեռ չի նախատեսվում, որ թագավորական ընտանիքի անդամները հաղորդագրություններն անձամբ կտարածեն, դրանով կզբաղվեն օգնականները:










