Գյումրիի գործում ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել. Գլխավոր դատախազ
Գյումրիի սպանության գործում ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել, իսկ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, ըստ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ընդամենը նպատակ ունի ցույց տալու, որ «հարգելի՛ ժողովուրդ, հասարակությո՛ւն, մենք իրականում գործ ունենք միջազային իրավական կարգավորման հետ և նկատի ունենալով, որ տվյալ հարաբերությունները կարգավորվում են միջպետական պայմանագրով, հետևաբար, երկու պետությունների օրենսդրությունների համադրության և կիրառելիության խնդիր ունենք»:
Շիրակի մարզում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ գլխավոր դատախան ասաց, որ ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել, որովհետև Հայաստանն ունի միջազգային պայմանագրեր, որոնք մեր օրենսդրության մաս են:
Լրագրողներից մեկը հարցը ուղղեց՝ ասելով, որ խոսքը ոչ թե ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառման մասին է , այլ թե արդյո՞ք կասկածյալը դատվելու է Հայաստանում և պատիժը կրելու է Հայաստանում և նրան առաջադրված մեղադրանքները հանցագործության ծանրության առումով տարբեր են՝ ծանր և ցածր:
«Հանցագործության ծանրությունը ոչ մի նշանակություն չունի… իրավունքի տեսակետից, էմոցիոնալ առումով կարող է: Առնվազն այս պայմանագրի շրջանակներում ծանրության մասին ոչ մի բան չի ասվում»,- ասաց Գևորգ Կոստանյանը
ՀՀ գլխավոր դատախազը նաև նշեց, որ եթե կատարվել է զինվորական հանցագործություն, կիրառվում է ռուսական օրենսդրությունը, եթե կատարվում է այլ հանցագործություն՝ ՀՀ տարածքում, «որը զինվորական չէ կամ 5-րդ հոդվածի այս բացառությունների տակ չի ընկնում, անկախ ծանրության աստիճանից, ունենում ենք ՀՀ օրենսդրության կիրառություն»:
Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա Գևորգ Կոստանյանը կրկնեց, որ մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում և ՀՀ-ում բոլորը հնարավորություն են ունենալու հետևելու վերջինիս քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվելու ողջ ընթացքին: Սա Գևորգ Կոստանյանը ընդգծեց և հավաստիացրեց որպես հայ և որպես ՀՀ գլխավոր դատախազ:










