Ոչ թե հուզական, այլ ռացիոնալ գործողություն է պետք, որպեսզի բացառվեն նման դեպքերը. Ալ. Իսկանդարյանը Գյումրիի սպանդի մասին
Ռուսական բազան Գյումրիում ռազմական նշանակություն ունի, և եթե այն պետք չէ, ապա պետք է փակվեր՝ անկախ կատարված հանցագործությունից, իսկ եթե պետք է, ուրեմն պետք է մնա նաև հիմա: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ ռուսական բազան պետք է տեղափոխվի Գյումրիից:
Նա պարզունակ համարեց նաև այն խոսակցությունները, թե այս հանցագործությունն ուղղորդված է Ադրբեջանից կամ Ամերիկայից: «Հանցագործությունը պետք է հետաքննել, տեսնել ովքեր են մեղավոր, և պետք է ավելի ուժեղացնել վերահսկողությունը»,- ասաց նա:
Նա հանցագործի անձի հետ կապված շատ հարցեր բարձրացրեց, մասնավորապես, թե ինչպես է որ հանցագործն անցյալից եկող խնդիրներ է ունեցել, ինչպես է հայտնվել բազայում, ինչ ձևով է զենքով դուրս եկել:
«Այս ամենը պետք է հետաքննվի, որպեսզի բացառվեն հետագայում նման բաները»,- ասաց նա և նշեց, որ ցանկացած բան, ինչը կապված է Ռուսաստանի հետ քաղաքական տեսանկյունից նախապես հասկանալի է, թե որ քաղաքական գործիչն ինչ կասի: Նրա գնահատմամբ՝ ռադիկալ երկխոսությունը քիչ է:
«Այն, ինչ տեղի է ունենում՝ այդ բողոքը, հասկանալի է»,- ասաց նա: Ըստ նրա՝ եթե հանցագործին բռնեին Հայաստանի իրավապահները, ապա կարող էին նրան դատել՝ հաշվի առնելով օրենսդրական նորմերը: «Ռուսները չեն կարող այդ մարդուն տալ, քանի որ նրանք են բռնել»,- ասաց նա և նկատեց, որ գործնականում փորձը ցույց է տալիս, որ նրանք չեն տալիս իրենց բռնած հանցագործներին:
Նա հասկանալի համարեց նաև այն, որ մարդանց մոտ լարվածություն կա, որովհետև կատարված հանցագործությունը մարդու գլխում չի տեղավորվում: Սակայն գտնում է, որ ոչ թե հուզական, այլ ռացիոնալ գործողություն է պետք անել, որպեսզի բացառվեն նման դեպքերը։ «Պետք է անել այնպես, որ նման բաները հնարավորինս բացառվեն»,- ասաց նա:










