Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակված գրոհայիններին 20.000 դոլար են տվել. ԶԼՄ-ներ

08:47 • 15.01.15

Որոշ տվյալներով՝ երեք տարի առաջ «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը Փարիզում Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում կատարած ահաբեկիչներից մեկին փոխանցել է 20 հազար դոլար՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Այդ մասին ABC News-ին պատմել է հատուկ ծառայությունների երկու ներկայացուցիչ, գրում է lenta.ru-ն:

 

Ավելի վաղ «Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության եմենական մասնաճյուղը հայտարարել է, որ հենց ինքն է ղեկավարել «նպատակի ընտրությունը, պլանի մշակումը և գործողության ֆինանսավորումը», և հարձակումն իրականացրածներին՝ եղբայրներ Շարիֆ և Սաիդ Կուաշիներին անվանել է «հերոսներ»:

 

Ընդ որում՝ ամերիկյան հատուկ ծառայությունները, վերլուծելով ստացված տվյալները, դեռ չեն հայտնաբերել վերջին ամիսներին «Ալ-Կաիդայի» այս ճյուղի կապը Կուաշի եղբայրների հետ: Սակայն եղբայրները, ստանալով նախնական ֆինանսավորումը, հետագայում կարող էին իրականացնել գործողությունը՝ առանց հավելյալ աջակցության, նշում են պաշտոնյաները:

 

Ահաբեկիչները զինված հարձակում են գործել Charlie Hebdo-ի խմբագրության վրա հունվարի 7-ին, որի հետևանքով սպանվել է 12 մարդ, 11-ը վնասվածք է ստացել: