Թուրքիան թույլ չի տա վիրավորել Մուհամմեդ մարգարեին. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի կարող համակերպվել Մուհամմեդ մարգարեին վիրավորելու հետ, գրում է РИА Новости-ն։
«Մամուլի ազատություն չի նշանակում վիրավորելու ազատություն։ Թուրքիան չի կարող թույլ տալ, որ վիրավորեն Մուհամմեդ մարգարեին, դա սկզբունքային դիրքորոշում է։ Մարգարեի ծաղրանկարների հրապարակումը բացահայտ սադրանք է, քանի որ բոլորին է հայտնի, թե որքան զգացմունքային են այդ հարցում մուսուլմանները»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին իսլամիստ երկու եղբայրներ ներխուժել էին Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Պատճառը թերթի հրապարակած Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարն է եղել։ Հարձակումն իրականացնողներին հաջողվել էր փախուստի դիմել դեպքի վայրից: Ավելի ուշ նրանք սպանվել են։ Հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ: Այս ահաբեկչությանը հաջորդել էին ևս մի քանիսը։










