Չպետք է առաջնորդվենք զգացմունքներով, որովհետև հարցը միջազգային իրավունքի կարգավորման հարց է. Գ. Կոստանյան
Այսօր Շիրակի մարզի գլխավոր դատախազությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ Գյումրիում կատարված հանցագործության պարագայում պետք է ամեն ինչ դիտարկել միջազգային իրավունքի կոնտեքստում: Նա տեղեկացրեց, որ աշխարհում գոյություն ունի երկու տեսակի իրավազորություն՝ տարածքային և ինդիվիդուալ:
«Մի դեպքում, երբ կոնկրետ երկրի պետական իշխանությունը տարածվում է տվյալ աշխարհագրական դիրք ունեցող տարածքի նկատմամբ և երկրորդ, երբ տվյալ պետական իշխանությունը տարածվում է անձի նկատմամբ անկախ աշխարհագրական դիրքից: Միջազգային իրավունքում և Եվրոպական դատարանում, իրավակիրառ պրակտիկային ծանոթանալու դեպում կտեսնենք հազարավոր օրինակներ, որ X երկրի տարածքում Y երկրի իրավապահ մարմինների իրավասության ներքո է անցնում սուբյեկտը, դա դիտվում է, որ անձը գտնվում է այդ երկրի իրավապահ մարմինների իրավասության ներքո»,- բացատրեց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ երկու երկրների միջև կա պայմանագիր, որի 4-րդ հոդվածը սահմանում է, որ այն հանցագործությունները, որոնք կատարվել են ՀՀ տարածքում և ռազմական բազայի տարածքում են, պետք է ՀՀ օրենքներով խնդիրը լուծվի, սակայն մեկ այլ հոդված ասում է հետևյալը. «Այդ կարգը կիրառելի չեն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք. 1.՝ եթե կատարվել է ռուսական բազայի տարածքում, 2.՝ հանցագործությունը կատարվել է ընդդեմ ռուսական ֆեդերացիայի և եթե կատարվել է զինվորական հանցագործություններ՝ ռազմաբազայի տարածքում կամ տարածքից դուրս, ենթակա են ռուսական կողմին»:
Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ Գյումրիում հանցագործություն կատարած անձը ծառայությունը ինքնակամ լքելու, պահակակետը թողնելու համար պատասխան է տալու ՌԴ օրենսդրությամբ:
«Արդյո՞ք մենք ունենք իրավազորություն անձի նկատմամբ, հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում դրա համար հարուցել ենք քրեական գործ համապատասխան հոդվածներով և որոշում է կատարվել ներգրավվել նրան որպես մեղադրյալ: Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալը ուղղակիորեն ներգրավված է գործին՝ իրականացվելու է քննչական ու դատավարական գործունեություն տվյալ անձի նկատմամբ: Ունենք երկակի կատարված հանցագործություն. ռուսական օրենսդրության շրջանակում քննարկված հարց և հայկական օրենսդրության քննարկման հարց: Չպետք է առաջնորդվենք զգացմունքներով, որովհետև հարցը միջազգային իրավունքի կարգավորման հարց է: Մենք բացարձակ չենք խոսում որևէ մեկին լիազորություն հանձնելու, զիջելու մասին»,- ասաց նա:










