Մենք, փաստորեն, ունենք 2 քրեական գործ. Գևորգ Կոստանյան
Փաստորեն կա երկու քրեական գործ, մեկը, որ հարուցվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՝ ՀՀ օրենսդրության հիման վրա և քրեական գործ, որը հարուցվել է Ռուսաստանի օրենսդրության հիման վրա՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից:
«Եվ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները ինչ քրեադատավարական ընթացք են իրականացնում իրենց հարուցած քրեական գործով, դա որևէ առնչություն չունի մեր քրեադատավարական օրենսդրության կարգով հարուցված քրեական գործի և իրականացվող ու իրականացվելիք քրեական հետապնդման գործի հետ: Եվ այն հանգամանքը, որ երեկ Քննչական կոմիտեի քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել, դա արդեն իսկ նշանակում է, որ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ համակարգը ինչ միջոցներ է ձեռնարկում, Հայաստանը շարունակելու է գործընթացը: Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մտնելու է 102-րդ բազայի տարածք՝ քննչական գործողություններ կատարելու համար՝ տվյալ անձի հետ, որը մեր քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասաց Գևորգ կոստանյանը՝ նշելով, որ դրանով իսկ ՀՀ-ն իրականացնում է իր իրավազորությունը տվյալ անձի նկատմամբ:
Սահմանը խախտելու փորձի կապակցությամբ գլխավոր դատախազն ընդգծեց, որ այս մասով մեղադրանքը երբ առաջադրվում է, առաջադրվում է այդ պահին ապացուցված փաստերի կապակցությամբ:
«Եվ , այո՛, մենք չենք բացառում, որ երբ քննության ընթացքում քննիչները հարցաքննություն կիրականացնեն, կծանոթանան մյուս բոլոր նյութերին, որ այս պահին գտնվում են ռուսական իրավապահ համակարգի ներքո , այդ ծանոթացման հիման վրա մեղադրանքը մեր կողմից կփոխվի, կլրացվի: Դա մի ամբողջ գործընթաց է»,- պարզաբանեց Գևորգ Կոստանյանը:










