Ռազմական լայնածավալ գործողություններ սկսելը Ադրբեջանի համար կարող է որպես ինքնասպանության փորձ գնահատվել. քաղաքագետ
Իմ կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է կասկածի տակ դնել ստատուս քվոն, սակայն կարծում եմ, որ նման հավակնությունների պարագայում մշտապես ստանում է արժանավայել հակահարված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով Stratfor (Strategic Forecasting Inc.) ամերիկյան վերլուծական կազմակերպության վերլուծաբանների կանխատեսմանն, ըստ որի` 2015 թվականի ընթացքում Ադրբեջանը կփորձի վիճարկել Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն՝ շփման գծում ավելի մեծ ռազմական ակտիվության միջոցով:
«Ռազմական լայնածավալ գործողություններ սկսելը Ադրբեջանի համար կարող է որպես ինքնասպանության փորձ գնահատվել»,-ասաց քաղաքագետը:
Գագիկ Հարությունյանի ենթադրությամբ` Ամերիկացի վերլուծաբանները հիմնվել են Ադրբեջանում ներքին խնդիրների կուտակման, էներգակիրների հետ կապված խնդիրների վրա, որոնք անմիջական վերաբերում են Ադրբեջանին:
Չնայած դրան` քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանի ղեկավարները լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն, և ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը: «Տրամաբանական դաշտում գրեթե անհավանական է ստատուս քվոյի խախտումը, սակայն կարծում եմ, որ տրամաբանությունն, ի վերջո, չի դավաճանի Ադրբեջանին»,-ասաց նա:










