Ֆրանսիայում վերջին հրաժեշտն են տալիս ահաբեկչության զոհ ծաղրանկարիչներին
Փարիզում հրաժեշտ են տալիս մեկ շաբաթ առաջ Charlie Hebdo երգիծական հանդեսի վրա կատարած ահաբեկչական հարձակման զոհ դարձած ծաղրանկարիչներից երկուսին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ընթանում է ծաղրանկարիչներ Ժորժ Վոլինսկու և Բերնար Վերյակի հուղարկավորությունը: Վերջինս հանդես էր գալիս Tignous կեղծանունով:
Ըստ France Presse-ի՝ 80-ամյա Վոլինսկու դիակիզումը տեղի է ունեցել Պեր Լաշեզ գերեզմանատանը:
57-ամյա Tignous-ին հրաժեշտ են տվել Մոնտրեյ քաղաքի քաղաքապետարանում: Նա այդ քաղաքի բնակիչ էր: Սգո արարողությանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի արդարադատության նախարար Կրիստիան Տոբիրան: Tignous-ը ևս հուղարկավորվելու է Փարիզի Պեր Լաշեզ գերեզամանատանը:
Հունվարի 7-ին Charlie Hebdo-ի վրա կատարված, ապա հաջորդ երեք օրերին շարունակվող ահաբեկչություններին ընդհանուր առմամբ 17 մարդ էր զոհ գնացել Ֆրանսիայում:










