Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ջեյմս Ապաթուրային

17:27 • 15.01.15

Հունվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների առկա մակարդակը՝ կարևորելով Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016թթ. անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը:


Զրուցակիցները կարևորել են ՆԱՏՕ-Հայաստան քաղաքական երկխոսության շարունակումը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացումը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությունը:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել՝ Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին Հայաստանի շարունակական աջակցության համար:


Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: