Արգիշտի Կիվիրյանը բերման ենթարկվեց՝ Գլխավոր դատախազության դիմացի «ողջամիտ տարածքի» սահմանը խախտելու համար (թարմացվում է, լուսանկարներ, տեսանյութեր)
17։17
Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, ով համակարգում է ՌԴ դեսպանատան տան մոտ բողոքի ակցիան, բերման ենթարկվեց ՀՀ ոստիկանություն՝ Գլխավոր դատախազության դիմաց ոստիկանների սահմանած ողջամիտ հեռավորությունը խախտելու համար:
Նշենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցը տեղափոխվեց դեպի Գլխավոր դատախազության շենք:
16։13
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով մասնակցում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացվող բողոքի ակցիային, Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքից միակ փրկված վեց ամսական երեխայի նկարը ձեռքին կանգնած էր դեսպանատան դիմաց՝ գծանցման մոտ, երբ ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհն ու հեռանալ տարածքից: Երևան քաղաքի ծառայության պետ Կարեն Մովսիսյանը Վարդգես Գասպարիին խոստացավ, որ եթե ինքնակամ չբացի ճանապարհը կհեռացնեն, ինչից հետո Վարդգես Գասպարին պառկեց փողոցում: Ոստիկանները վերջինիս պառկած վիճակում տեղափոխեցին մայթ:
Նշենք, որ ակցիային մասնակցում են նաև «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ալեն Սիմոնյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, «Ժառանգություն» կուսակցության մամուլի նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյան, ով փորձում է ոստիկաններին բացատրել, որ իրենք դուրս են եկել իրենց հայրենակիցների դեմ:
Նշենք, որ քիչ առաջ Տիգրան Խզմալյանին նստեցրին մեքենան ու տարան:
Դեսպանատան մոտ ոստիկանական մեքենաներ են շարվել:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այս պահին հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:
Քաղաքացիները վանկարկում են «ազատ, անկախ Հայաստան»։
Ներկաների թվում են իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ Իզաբելլա Աբգարյանը, Գայանե Առուստամյանը, «Դ!եմ եմ» շարժման երիտասարդները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ երեկ Երևանում անցկացված մոմավառության մասնակիցները որոշել էին այսօր ակցիան շարունակել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ և քննարկել հետագա անելիքները։
«Բոլորիդ կոչ եմ անում՝ պարտադիր մասնակցել: Ցավոք՝ այս պահին կրկնվում է այն, ինչ ունենք 20 տարի շարունակ՝ անկախությունից ի վեր: Եվ ցավոք՝ հասարակության ոչ բոլոր շերտերն են պատրաստ պայքարելու իրենց իրավունքների համար: Հասարակության շատ մասնակիցներ փորձում են պայքարել իրենց «բազկաթոռների կամ ֆեյսբուքների մեջ»,-ասել էր Արգիշտի Կիվիրյանը:
Նշենք, որ իրավապահները պատ են կազմել՝ թույլ չտալով, որ ցուցարարները մոտենան դեսպանատանը:










