Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ առաջարկները տրամաբանական են և ներկայացված են պրոֆեսիոնալ կերպով. Էդուարդ Շարմազանով

22:21 • 15.01.15

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների խնդրանքով անդարադաձավ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ առաջարկներին:

 

«Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ առաջարկները տրամաբանական են և ներկայացված են պրոֆեսիոնալ կերպով: Ես ուսումնասիրել եմ այդ առաջարկները և կարող եմ ասել, որ նրանք լուրջ աշխատել են դրանց վրա: Կան առաջարկներ, որոնք ես ընդունում եմ, կան առաջարկներ, որոնք կարող են դառնալ քննարկման առարկա: Միգուցե լինեն առաջարկներ, որոնց հետ համաձայն չլինենք, սակայն այն, որ այդ ամբողջական փաթեթը պրոֆեսիոնալ է գրված, պետական շահի գերակայությամբ իրականացված աշխատանք է, ո´չ թե կուսակցական շահն առաջ տանող փաստաթուղթ, դա փաստ է»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում կքննարկվեն նաև ՀՅԴ-ի առաջարկները:

 

«Իհարկե՝ կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք մեր կարծիքն ունենք, սակայն դրանք քննարկման ենթակա հարցեր են, և ես համոզված եմ, որ բոլոր հարցերին մենք կարող ենք լուծում տալ քննարկումների արդյունքում»,- նշեց նա:


Շարմազանովն անդրադարձավ նաև դիտարկումներին, թե ԵՏՄ անդամ Հայաստանն ինչպես կարող է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, եթե միության անդամ մյուս երկրներում նախագահական համակարգ է գործում: «Այստեղ որևէ խոչընդոտ չկա: Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի ճանապարհով գնա: Իհարկե՝ Եվրասիական տնտեսական միության մեջ կան երկրներ, որոնց նախագահները 20 տարի է՝ չեն փոխվել, կան նաև երկրներ, որ նախագահը երկրորդ անգամ ընտրվելուց հետո չի կարող առաջադրվել: Մեր երկրում արդեն գալիս են ժամանակներ, որ պետք է վճռորոշ լինի ո´չ թե մեկ անձի դերը, այլ՝ կուսակցությունների դերակատարումը: Մենք պետք է գնանք կուսակցությունների կատարելագործման, հզորացման ճանապարհով, որովհետև եթե մարդը ցանկանում է զբաղվել պրոֆեսիոնալ քաղաքականությամբ, պետք է ունենա հստակ կուսակցական գաղափարախոսություն և տեսլական»,- նշեց Շարմազանովը: