Հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների թափանցիկ հետաքննություն պետք է անցկացվի. Մարտին Շուլց
2014 թվականի օգոստոսի 7-ին տեղանքում մոլորված և ադրբեջանական սահմանը հատած Տավուշի մարզի Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի հանդեպ Ադրբեջանում անմարդկային ու դաժան վերաբերմունքի և սպանության վերաբերյալ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակ էր ուղարկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ պահանջելով, որ միջազգային կառույցները խստորեն դատապարտեն Ադրբեջանին և Կարեն Պետրոսյանի դիակի անկախ փորձաքննություն անցկացնեն։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը պատասխան նամակ է ուղարկել Նաիրա Զոհրաբյանին, ուր ասված է.
«Հարգելի տիկին Զոհրաբյան,
Շնորհակալություն եմ հայտնում Ձեր նամակի համար, որտեղ Դուք նկարագրում եք հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանի գերևարման և մահվան հետ կապված հանգամանքները: Նախ և առաջ, Եվրոպական խորհրդարանի անունից մեր խորին ցավակցությունն եմ հայտնում Կարեն Պետրոսյանի հարազատներին՝ հավելելով, որ ինձ անձամբ սարսափեցրել է այն փաստը, որ նրա մահից ավելի քան երեք շաբաթ անց դին դեռևս չեն թույլատրել հայրենադարձել: Անշուշտ, անչափ մտահոգիչ էր Ձեր նամակին կցված տեսանյութը:
Այն լիովին թափանցիկ հետաքննություն, ինչպես նաև անկախ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացնում Կարեն Պետրոսյանի մահվան ճշգրիտ պատճառները պարզելու համար:
Մենք բոլորս տեղյակ ենք առկա լարվածություններին, որոնք կան տարածաշրջանում: Անկախ նրանից, թե բանակցությունները ինչ առաջընթաց կարձանագրեն՝ հակամարտության կողմերը միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հստակ պարտավորություն ունեն և պետք է միջազգային նորմերին համահունչ վերաբերվեն գերիներին ու ձերբակալվածներին: Նման
պարտավորությունները խախտելը անընդունելի է:
Հարգանքով՝
Եվրոպական խորհրդարանի նախագահ
Մարտին Շուլց»։










