ԱՄՆ-ում տաքսիստը մոտ 1000 դոլար թեյավճար է ստացել 1 րոպե տևողությամբ ուղևորության համար
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում տաքսու վարորդը գրեթե 1000 դոլար է ստացել ուղևորից, ում ճանապարհը տևել է 1 րոպեից մի փոքր ավելի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ինչպես իր բլոգում գրել է տաքսիստ Ումար Մեյգան՝ անհայտ մնալ ցանկացող ուղևորը մի փոքր հարցուփորձ է արել իր կյանքից և նշել ավտոմեքենայի սրահի մաքրությունը։ Նույնիսկ 2 կմ չանցնելուց հետո տղամարդն ուղևորության համար վճարել է մոտ 4 դոլար և թողել 990 դոլար թեյավճար, ինչից հետո անմիջապես դուրս է եկել մեքենայից։ Վարորդը կարողացել է վազել և հասնել տղամարդուն և հայտնել թյուրիմացության մասին։ Ինչին ի պատասխան՝ ուղևորը միայն ժպտացել է և ուրախ տոներ մաղթել։
Ընկերության ղեկավարությունը, որտեղ աշխատում է Մեյգան, տեղեկություն է տեղադրել սոցկայքերում «գաղտնի Սանտայի» մասին։ «Մենք կցանկանայինք գտնել այդ մարդուն՝ շնորհակալություն հայտնելու համար։ Անհնար է պատկերացնել մի մարդու, ով ավելի մեծ պարգևի է արժանի, քան Մեյգան։ Նա քաղաքավարի է և բարեհամբույր, այն մարդկանցից, ով միշտ ժպտում է»,- ասվում է հաղորդագրությունում։
Երջանիկ տղամարդու գործընկերներն ասում են, որ անսպասելի նվերը նրան բոլորովին չի փոխել։ Նա շարունակում է աշխատել նույն ընկերությունում և մտադիր է գումարի մի մասը ծախսել Արևմտյան Աֆրիկայի բնակիչներին օգնելու համար, որտեղից անձամբ ինքն է։










