Ահաբեկիչները փորձել են «երկրորդ Փարիզի» վերածել Բելգիան. լրատվամիջոցներ

08:46 • 16.01.15

Բելգիայում ահաբեկիչները, որոնցից երկուսը հունվարի 15-ին ոչնչացվել են, նախատեսել են ահաբեկչություններ կազմակերպել և երկիրը «երկրորդ Փարիզի» վերածել:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է երկրի արդարադատության նախարարության աղբյուրը:

 

Երեկ երեկոյան Բելգիայի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, որի ընթացքում ոչնչացվել է երկու ենթադրյալ ահաբեկիչ:

 

«Կանխվել է երկրորդ Փարիզը: Մի քանի ժամ էր մնացել, մինչև մեր երկրում հարձակումների իրականացումը»,- հայտնել է աղբյուրը:

 

Մեկ այլ աղբյուր հաղորդել է, որ ոչնչացված ահաբեկիչներին ուղղորդել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները:

 

Խմբի որոշ անդամներ Սիրիայում հանդիպել են զինյալների հետ և մտադրվել են հարձակումներ իրականացնել՝ ի պատասխան ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայում ահաբեկիչների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն:

 

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին իսլամիստ երկու եղբայրներ ներխուժել էին Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Պատճառը թերթի հրապարակած Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարն է եղել։  Հարձակումն իրականացնողներին հաջողվել էր փախուստի դիմել դեպքի վայրից: Ավելի ուշ նրանք սպանվել են։ Հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ: Այս ահաբեկչությանը հաջորդել էին ևս մի քանիսը։