Իսրայելի արտգործնախարարն Էրդողանին «հակասեմական խուլիգան» է անվանել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նրան մեղադրելով ահաբեկիչներին սատարելու համար:
Ինչպես նշում է jpost.com-ը, մասնավորապես Լիբերմանը թուրք պաշտոնյային անվանել է «հակասեմական խուլիգան»:
«Ահաբեկչության դեմ պատերազմը հաջողություն չի ունենա, եթե այդ պայքարում առկա է երկերեսանիությունը: Աշխարհը պետք է դատապարտի Էրդողանին` իր ասածի համար»,-նշել է Նեթանյահուն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Իսրայելի վարչապետը նկատի է ունեցել Էրդողանի այն արտահայտությունը, ըստ որի «Նեթանյահուն չպետք է համարձակվեր մասնացել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին կազմակերպված «Միասնության երթին», քանի որ իր իսկ հրամանով իրագործված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են անթիվ-անհամար կանայք ու երեխաներ»:
Նեթանյահուն գտնում է, որ Էրդողանի «ամոթալի մեկնաբանությունը» պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: «Ահաբեկիչներն ու նրանց աջակիցները պետք է դատապարտվեն, իսկ նրանց դեմ պայքարողները` Իսրայելն ու ԱՄՆ-ն, աջակցություն ստանան»,- ասել է հրեական պետության վարչապետը:










