Ֆրանսիայում 12 մարդ է ձերբակալվել Փարիզի ահաբեկչությունների գործով
Լուսանկարում՝ Ամեդի Կուլիբալին և նրա ընկերուհին
Առնվազն 12 մարդ է ձերբակալվել գիշերը ֆրանսիական մայրաքաղաքային շրջանում՝ Փարիզում անցած շաբաթ իրականացված ահաբեկչությունների շարքի հետաքննության շրջանակում, հաղորդում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է AFP գործակալությունը, ձերբակալվածները կասկածվում են Կուաշի եղբայրների և նրանց հանցակից Ամեդի Կուլիբալիի հետ կապերի համար:
Իրավապահների տեսադաշտում հայտնվել է ինը տղամարդ և երեք կին: Նրանք բոլորը ձերբակալվել են և հարցաքննվում են ծայրահեղականներին հնարավոր օգնություն տրամադրելու առնչությամբ:
Քննիչները կարծում են, որ այդ անձինք կարող էին հանցագործներին «լոգիստիկ աջակցություն» ցուցաբերել՝ մասնավորապես նրանց տրամադրելով զենք և տրանսպորտային միջոցներ:
Իրավապահները նաև շարունակում են խուզարկությունների շարքը Փարիզի արվարձաններում, ինչպես նաև Մոնրուժում, որտեղ Կուլիբալին սպանել է ոստիկանության աշխատակցի:
Հիշեցնենք, որ հունվարի 7-9-ն ընկած հատվածում հարձակումների է ենթարկվել Փարիզում գտնվող Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրությունը և հրեական մի խանութ: Ընդհանուր առմամբ հանցագործների զոհ է դարձել 17 մարդ:










