Ազատության հրապարակից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել, 2-ի մոտ հայտնաբերվել է ատրճանակ
Երեկ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 35 անձ, որոնք բոլորը ազատ են արձակված, երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Բոլոր անձինք ազատ են արձակվել, կազմվել է 4 վարչական արձանագրություն, կատարվում է հետաքննություն»,-ասաց Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ երեկ Ազատության հրապարակում բերման ենթարկվածների թվում է եղել նաև «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը, ինչի մասին նա տեղեկացրել էր Facebook-ի իր էջում. «Երեկ երեկոյան Ազատության հրապարակից ինձ բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանություն` ապօրինի զենք ու զինամթերք կրելու կասկածանքով: Ձևական խուզարկությունից հետո, ոչինչ չհայտնաբերելով, փորձեցին բացատրություն ստանալ: Հարցնում եմ` ի՞նչը բացատրեմ, բացատրեմ, թե ինչո՞ւ զինված չեմ»:
Եվս երեքը՝ Արգիշտի Կիվիրյանը, Տիգրան Խզմալյանը և ևս մեկ անձ բերման էին ենթարկվել դեռ ցերեկը՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց անցկացված բողոքի ցույցի ժամանակ «ողջամիտ հեռավորությունը չպահպանելու համար»:
Մեր տեղեկություններով՝ ատրճանակները հայտնաբերվել են Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի և Գագիկ Սարուխանյանի մոտ:
Ինչ վերաբերում է Գյումրինն, ապա այստեղից ոստիկանների հետ բախումների ժամանակ բերման է ենթարկվել 21 անձ, 26 անձ դիմել են բուժօգնություն ստանալու համար, որից 16-ը ոստիկան են:
Ծանր վնասվածքներ ստացած ոստիկանը երեկ գիշեր տեղափոխվել է Երևան և վիրահատվել:
Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ սկսված խաղաղ հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՌԴ հյուպատոսության շենք և երթին միացած մի խումբ անձինք քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչպես նաև դիմադրություն ցույց տվել հավաքի բնականոն ընթացքն ապահովելուն և հասարակական կարգի պահպանությանն ուղղված իրենց պարտականությունները կատարող ոստիկաններին և բազմաթիվ զգուշացումներից հետո, բացառապես առանձին անհատների հակաիրավական վարքագիծը և դրա հնարավոր բացասական հետևանքները կանխելու և այդ անձանց մեկուսացնելու միջոցով հավաքի խաղաղ ընթացքը երաշխավորելու նպատակով, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել զսպիչ և խափանող բնույթի նվազագույն միջոցներ, որի արդյունքում հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների իրավաչափ պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել հավաքի մի շարք մասնակիցներ։










