Գյումրու տուն-ինտերնատում 2 կյանք խլած հրդեհը բռնկվել է ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցի պատճառով

09:42 • 16.01.15

Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում հրդեհը, ըստ նախնական վարկածի, առաջացել է թիվ 53 սենյակում էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցի պատճառով. հրդեհը երկու կնոջ ծխահարման պատճառ էր դարձել։ Այն նյութական մեծ վնասներ չի պատճառել, գույքը կամ սենյակները չեն վնասվել: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան մարմինները, կատարվում է նախաքննություն:

«Արմենպրես»-ին տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանն ասել է, որ առաջինը  տարօրինակ հոտը զգացել է հերթապահը` 06:00-ին ու թակել դուռը և, արձագանք չստանալով, տեղեկացրել համապատասխան մարմիններին, ապա բացել են այն և տեսել մահացածների մարմինները:

«Տուն-ինտերանատն ունի ջեռուցում և սենյակներում շատ տաք է: Սենյակը կրկնակի տաքացնելու խնդիր չկա: Ինտերնատի բնակիչները սենյակներում ունեն փոքր ջերմատաքացուցիչներ՝ թեյի և սուրճի համար:  Չեմ կարող ասել, թե վերջիններս ինչու էին միացրել այն: Գույքին կամ սենյակներին վնաս չկա, պարզապես այդ սենյակի իրերը մի փոքր սևացած են»,-նշեց Ներսես Մարգարյանը:

Հիշեցնենք, որ փրկարարները հունվարի 15-ին ահազանգ են ստացել, որ Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել և սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, շտապ բուժօգնության բրիգադ:

Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառ հանդիսացել է տուն ինտերնատի թիվ 53 սենյակում էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցը, որի պատճառով  տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են ինտերնատի բնակիչներ Արաքսյա Վաղարշակի  Օհանյանը` ծնված 1953թ. և Հրանուշ Պապիկի Ավագյանը` ծնված 1934 թ.: