Իսպանիայի դատարանն ընդունել է նախկին միապետի «արտամուսնական կապից ծնված դստեր» գործով հայցը
Իսպանիայի Գերագույն դատարանը քննության է առել անցած տարի գահից հրաժարված Խուան Կառլոս Առաջինի` հայրություն ճանաչելու գործով հայցը, որը մինչ այդ մերժվել էր:
Ինչպես նշում է euromag.ru-ն, Բելգիայի քաղաքացի Ինգրիդ Սարտյոն պնդում է, որ ինքը նախկին միապետի արտամուսնական կապից ծնված դուստրն է: Հայցվորի խոսքով՝ Խուան Կառլոսը թագուհի Սոֆիայի հետ ամուսնացած լինելու ժամանակ հարաբերություններ է ունեցել իր մոր հետ:
Թագավորական տան ներկայացուցիչները, մեկնաբանելով հայցի ներկայացումը, ասել են, որ Սարտյոյի պնդումներն արժանի չեն վստահության:
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած տարի գահից հրաժարվելուց հետո միապետը կորցրել է դատական հետապնդման նկատմամբ իր անձեռնմխելիությունը:










