Kyodo-ն տեղեկացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում G7-ում առկա տարաձայնությունների մասին
«Մեծ յոթնյակի» երկրները (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Գերմանիայում 2015 թվականի հունիսին նախատեսված վեհաժողովի պատրաստությունների ընթացքում: Այդ մասին տեղեկացել է ճապոնական Kyodo News գործակալությունը G7-ում եղած աղբյուրից, գրում է lenta.ru-ն:
Գործակալության տեղեկություններով՝ տարաձայնություններն առաջացել են դեկտեմբերին Բեռլինում «յոթնյակի» անդամ երկրների հանդիպման ժամանակ: Հարցի քննարկման ընթացքում, թե արդյոք G7-ը կիրականացնի Ռուսաստանի դեմ համաձայնեցված քաղաքականություն, ԱՄՆ պատվիրակությունը հանդես է եկել պատժամիջոցների երկարաձգման և նոր սահմանափակումներ մտցնելու օգտին՝ հայտարարելով, որ Մոսկվան կհասնի խմբում պառակտման, եթե այն չգործի միասնական ճակատով:
ԱՄՆ դիրքորոշմանն աջակցել է Մեծ Բրիտանիան: Ճապոնիան և Գերմանիան հանդես են եկել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության օգտին, սակայն Տոկիոն միևնույն ժամանակ հանդես է եկել պատժամիջոցների պահպանման օգտին:










