Հանրապետության 30 դպրոց 2014-2015 ուստարվա ընթացքում առաջին դասարանցի չի ունեցել
Հանրապետության տարբեր մարզերում գտնվող 30 դպրոցներ նախորդ ուսումնական տարվա առաջին օրը չեն ունեցել առաջին դասարանցիներ, իսկ 50-60 դպրոցներում կան եռակոմպլեկտ կամ երկկոմպլեկտ դասարաններ, երբ տարրական դպրոցում 3-4 աշակերտ ունեցող դասարաններ միավորվում են:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին հյուրընկալելով՝ այս մասին հայտարարեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Բայց այս դպրոցներն ունեն բարձր դասարանցիներ, ավագ դպրոցում սովորող աշակերտներ և փակվելու խնդիր չկա»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Սևանի դպրոցներից մեկում աշակերտի ծնողը բողոքել էր, որ ուսուցիչը այսպես է հրել երեխային, որ հագուստի կախիչի սուր աչքը վնասել է երեխայի աչքը:
Ի պատասխան օգտատիրոջ այս հիշեցման և նաև հարցի, թե նման դեպքերում ի՞նչ դիրքորոշում ունի նախարարությունը, Նարինե Հովհաննիսյանն ասաց. «Բոլոր դեպքերում հրավիրվում է ուսուցիչը կամ տնօրենը։ Ունեցանք դեպքեր, երբ ուսուցիչը թողեց իր աշխատանքը, մի դեպք ունեինք, երբ երեխայի մազերն էր կտրել և կարծես նսեմացրել: Ինչ վերաբերում է վերջին դեպքերին, գործերը, որոնք քննչական վարույթում են գտնվում, սպասում ենք իրենց պատասխանին: Կոնկրետ Սևանի դեպքն այսօր քննչական վարույթում է և տեսնենք, թե ինչով կավարտվի, բայց, այնուամենայնիվ, ուսուցիչը դպրոց չի մտնում»:










