Չարժե, որ գազանություն դրսևորած մեկի պատճառով հայերը միմյանց դեմ դուրս գան. կարծիքներ
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը պետք է անպայման դատապարտվի, սակայն այս դժվար պահին բոլորս պետք է զսպվածություն դրսևորենք:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը ՝ կատարվածի առնչությամբ ցավակցություն հայտնելով ողջ հայ ժողովրդին և նշելով, թե երկրորդ Ուկրաինա պետք չէ:
Նա նշեց, որ մի ամբողջ ընտանիքի գնդակահարած անձը չէր կարող նորմալ, ադեկվատ մարդ լինել:
«Վստահ եմ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը մատների արանքով չեն նայի գործին, անհրաժեշտ լրջություն կցուցաբերեն դրան, և Պերմյակովից բացի կպատժվեն բոլոր մեղավորները: Ես, առհասարակ, ինքնադատաստանի կողմնակից չեմ, պարզապես կրկին զսպվածության կոչ եմ անում իմաստուն հայ ժողովրդին»,-ասաց Իրինա Գասպարյանը:
Արձագանքելով դիտարկմանը, թե արտասահմանյան մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, որ հայերը շովինիստ են, Իրինա Գասպարյանն ասաց, որ ի պատասխան նման հայտարարությունների, իրենք՝ ասորական համայնքի ներկայացուցիչները, ամեն անգամ ասում և ապացուցում են բոլորին, որ հայերն ամենևին էլ ազգայնամոլ չեն, իսկ Հայաստանն էլ ազատ երկիր է:
Ասուլիսի մյուս մասնակից, Երևանում հունական «Պոնտի» ՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին էլ ասաց, որ գյումրեցիների պահանջն արդար է։
«Սակայն չարժե, որ գազանություն դրսևորած մեկի պատճառով հայերը միմյանց դեմ դուրս գան: Միաժամանակ, հայերը դեռ մի բան էլ չափազանց հանդուրժող են ռուսների նկատմամբ, ուղղակի կարծում եմ, որ ամենաարդար պատիժը կլիներ այդ ոճրագործին գնդակահարելը»,- ասաց Նիկոլայ Նիկոլայիդին:
Նշենք նաև, որ նախատեսված էր, որ ասուլիսին պետք է մասնակցեր նաև Հայաստանում «Ռոսիա» ՀԿ նախագահ Յուրի Յակովենկոն, սակայն նա վատառողջ լինելու պատճառաբանությամբ չէր ներկայացել:










