Պակիստանի մուսուլմանները մահապատիժ են պահանջում Charlie Hebdo-ի անձնակազմի համար (լուսանկարներ)
Պակիստանի մուսուլմանները կոչ են անում ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի ծաղրանկարիչներին կախել՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը վերջին համարի շապիկին տեղադրելու համար, հաղորդում է Daily Mail-ը:
Երկրի արևելքում գտնվող Լահոր քաղաքում մոտ 300 մարդ ցույց է արել Charlie Hebdo շաբաթաթերթի դեմ:
Պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Մարգարեի աստվածանարգությամբ ծաղրանկար անելը ահաբեկչության ամենավատ ակտն է: Ծաղրանկարիչները պետք է անմիջապես կախաղան բարձրացվեն»:
Միևնույն ժամանակ, Պակիստանի օրենսդիրներն իրենց սեփական ցույցերն են կազմակերպել խորհրդարանի շենքի առջև՝ ֆրանսիական երգիծական թերթում Մուհամեդ մարգարեին պատկերելը դատապարտող բանաձև փոխանցելուց հետո:
Ինչպես շատ այլ մուսուլմանական երկրներ, Պակիստանը դատապարտել է անցած շաբաթ Charlie Hebdo-ի խմբագրության վրա կատարված հարձակումը, որի հետևանքով 12 մարդ է սպանվել: Բայց իշխանությունները նաև դատապարտել են Մուհամեդ մարգարեին պատկերող ծաղրանկարների հրապարակումը: Կրոնական գործերով նախարար Սարդար Մուհամադ Յուսուֆը հայտարարել է, որ օրենսդիրները միաձայն բանաձև են ընդունել, որը դատապարտում է ծաղրանկարների հրապարակումը:
















