Վալերի Պերմյակովին հանրային պաշտպան է տրամադրվել

12:42 • 16.01.15

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին դաժանորեն սպանած ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան:


«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 15.01.2015թ. որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց  Փաստաբանների  պալատի  մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը:


Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է  ունեցել 2015  թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը  06:00-ի սահմաններում,  նրանց մահը վրա է հասել հրազենային  վնասվածքներից։  Ավետիսյանների  ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի  Ավետիսյանը, ով  կտրող-ծակող  գործիքից ստացած վնասվածքներով  տեղափոխվել է  բժշկական կենտրոն:


Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը: