Պետք է միասին գտնել այն լուծումը, որը կբավարարի թե՛ հայ, թե՛ ռուս հասարակությանը. Հ. Մելիք-Շահնազարյանը՝ Գյումրու դեպքի մասին
Գյումրիում կատարվածը հասարակության մեջ ծնեց բազմաթիվ վարկածներ ու ենթադրություններ, որոնցից մեկն էլ այն էր, որ դա քաղաքական որոշակի սադրանք էր՝ միտված հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելուն: Այդպիսի շահարկումներից հարկ է զերծ մնալ:
Դեպքի հասարակական ընկալումների ու տրամադրությունների մասին խոսելով՝ «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում այս տեսակետն է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա պարզաբանել է, որ քանի դեռ չկան փաստեր, կան միայն քրեական գործունեության մասին ապացույցներ, նախընտրելի է մնալ հենց դրանց շրջանակներում և այլ գուշակություններով չզբաղվել ու ասել, որ սա ադրբեջանցիների, Թուրքիայի, Արևմուտքի կամ որևէ մեկ այլի կողմից կատարված դիվերսիա է: Քանի դեռ չկան դրա մասին վկայող փաստեր, պետք է մնալ այն իրողությունների շրջանակում, որոնք հայտնի են և դեռևս առկա են: Այս պահին սա իսկապես քրեական գործ է: Իսկ մնացածը` դատել Հայաստանում, թե Ռուսաստանում, հարցի էմոցիոնալ մասն է:
«Որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ համար էլ դրական կլիներ, որ հանցագործը դատվեր հայկական իրավապահ համակարգի կողմից և իր պատիժը կրեր նույնպես Հայաստանում: Բայց նաև խոստովանում եմ, որ իմ այս մոտեցումը էմոցիոնալ է: Այս հարցում ցավը չի մեղմացվում նրանից, թե կոնկրետ որ դատարանը նրան կդատապարտի մահապատժի, և, ըստ էության, նրա պատիժը կրելու որակը և ձևը չի փոխվելու: Նախապատվությունը տալով նրան, որ դա լինի Հայաստանում և հայ իրավապահ համակարգի կողմից, այնուամենայնիվ, խոստովանում եմ, որ սա ավելի էմոցիոնալ ցանկություն է, քան ցավը մեղմելու իրական միջոց: Եթե բոլորս անկեղծ լինենք, ապա կասենք, որ արդարադատություն չենք ցանկանում, այլ այս պահի դրությամբ փորձում ենք մուռ հանել, վրեժ լուծել»,-ասել է նա:
Քաղաքագետի կարծիքով՝ ոուսական կողմը բավական ակտիվ փորձում է համոզել հայ հասարակությանը, որ հետամուտ է լինելու մարդասպանին խստագույնս պատժելու հարցում:
«Հանցագործության կատարվելուց անմիջապես հետո Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը հանձնաժողով ստեղծեց, և նրանք Հայաստան ժամանեցին: Այս ամենը ցույց է տալիս մի բան. Ռուսաստանում շահագրգռված են գործել այնպես, որ հայ հասարակությունը կասկած անգամ չունենա, որ ռուսական կողմը պատրաստ է հետևողականորեն լինել հանցագործության բացահայտման և դատապարտման գործում: Թե՛ իրավապահների, թե՛ ռազմաբազայի հրամանատարության, պաշտպանության նախարարության կողմից անընդհատ հայտարարություններ են հնչում, որտեղ հիմնական ուղերձն այն է, որ Ռուսաստանը պատրաստ է հայկական իրավապահ մարմինների հետ համատեղ իրականացնել հետաքննություն և բացահայտել դեպքի իրողությունները, միգուցե համատեղ կազմակերպել նրա դատապարտումը և պատժի կրումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս ամենը շեշտվում է և՛ հայկական, և՛ ռուսական կողմից»,-ասել է նա։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Ռուսաստանում հասարակության ռեակցիան բավական ադեկվատ է. նրանց էլ հասկանալի է այդ ողբերգության ողջ մասշտաբը:
«Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առջև ծաղիկներ դնում, և մոմավառությանը մասնակցողների հոսքը չի դադարում, ռուսական հանրությունը անտարբեր չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել ոմանք: Նրանք նույնպես ցնցված են, նույնպես նույն պատիժն են ցանկանում, ինչ և մենք: Եվ ահա, եթե կա երկուստեք ցանկություն, ուրեմն պետք է չդառնալ իրավական փաստաթղթերի գերի, ուրեմն պետք է նստեն և կարողանան միասին գտնել այն լուծումը, որը կբավարարի թե՛ հայ, թե՛ ռուս հասարակությանը»,-նշել է նա։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու փորձերին, դիվիդենտներ քաղելու ձգտումներին, ապա քաղաքագետի համար դրանք զարմանալի չեն:
«Հայաստանը գտնվում է այնպիսի տարածքում, որտեղ աշխարհաքաղաքական պայքարը բավական լարված է: Տարածված են հակառակորդին վնաս պատճառելու բոլոր մեթոդները, անգամ եթե դա կառուցված է նման ողբերգության վրա: Որևէ գերտերություն կամ նրան սպասարկող կազմակերպություն մարդկային ցավը զսպող գործոն չեն համարում սեփական շահը սպասարկելու ճանապարհին: Պարզ է, որ փորձելու են սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի միջև, և նաև պարզ է, որ մինչ այս պահը դա հաջողվել է: Սա է քաղաքական այն իրողությունը, որում այսօր ապրում է Հայաստանը»,-եզրափակել է նա:










