Վարդան Պետրոսյանի գործով տուժողները չեն հերքում, որ Պետրոսյաններից գումար են վերցրել. pastinfo.am

15:58 • 16.01.15

«Փաստինֆո»-ն տեղեկացնում է, որ Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատական նիստում լարված իրավիճակ է ստեղծվել: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: 


Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դատարանը որոշեց ընդունել տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը, որով տուժող կողմը դատարանից պահանջում է Վարդան Պետրոսյանից հօգուտ  Հակոբյանների բռնագանձել 10.5 դրամ՝ Տաթևիկ Հակոբյանի բուժման և 2.5 միլիոն դրամ՝ դատական ծախսերի համար:


Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն առարկեց այս որոշման դեմ՝ պատճառաբանելով, թե ծախսերը հիմնավորված չեն: Վարդան Պետրոսյանն էլ հայտարարեց, որ դեռևս անցյալ տարի օգոստոսին իր հարազատները Հակոբյաններին 20 000 դոլար գումար են տվել:


Վարդան Պետրոսյանի այս հայտարարությունը վրդովեցրեց տուժող Արթուր Հակոբյանին ու նրա կնոջը: Նրանք չհերքեցին, որ Պետրոսյաններից գումար են ստացել, բայց հիշեցրին, թե այդ գումարը իրենք խնդրել են վերցնել և խոստացել, թե այդ մասին չեն բարձրաձայնի:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, ուղևորներ Տաթևիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։