Հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց

13:37 • 17.01.15

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 12000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։


Բացի վերոնշյալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Ջրաբերդ/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով ադրբեջանական հատուկ  նշանակության ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:


ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, իսկ վերջիններս կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր:


ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և պատրաստ են համարժեք հարված հասցնել հակառակորդի սադրիչ գործողություններին: