Վարդան Պետրոսյանի գործով պաշտպանական կողմը ևս կներկայացնի իր ճառը. կմասնակցի նաև ֆրանսիացի պաշտպանը

20:29 • 17.01.15

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով պետական մեղադրողի կողմից հնչեցված մեղադրական ճառին, ասաց, թե պաշտպանական կողմն էլ պատրաստվում է ներկայացնել իր ճառը:

 

«Հաջորդ դատական նիստին կմասնակցի նաև ֆրանսիացի փաստաբանը»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը, ապա շարունակեց. «Դատաքննության ժամանակ և՛ դատավորի, և՛ դատախազի կողմից գործողություններ են կատարվել` ուղղված միայն նրան, որ թաքցնեն ճշմարտությունը: Մենք ուզում ենք ցայտուն կերպով, ապացույցներով ներկայացնել այդ ամենը: Դատախազի կողմից մի քանի հարցադրում հնչեցվեց՝ ո՞րն է պատճառը, որ Վարդան Պետրոսյանի գործով թույլ են տրվել նման ապօրինություններ, և ո՞վ է նման ապօրինություններ թույլ տվել, ո՞րն է եղել իրավապահ մարմինների շահը: Բարձրացված այդ բոլոր հարցադրումների պատասխանը մեր ելույթներում կհնչեցնենք»:

 


Բաղդասարյանն ասաց նաև, թե բացի այդ` զուգահեռ կա նաև մեկ այլ դատավարություն, որտեղ քննարկվում է նախաքննական մարմնի կողմից որոշակի քրեորեն պատժելի արարք կատարելը:
«Այդ դատական նիստը նշանակված է փետրվարի 2-ին՝ Արաբկիրի դատարանում: Մենք հուսով ենք, որ այդ գործին զուգահեռ կբացահայտենք այն ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել նախաքննության ժամանակ: Դա էլ իր հետևանքները կունենա այդ գործի վերջնական որոշում կայացնելու ժամանակ»,-նշեց փաստաբանը:


Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած դատավարության ընթացքում մեղադրվող դատախազը միջնորդեց Վարդան Պետրոսյանին  դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման` 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ: